Ատամնաբուժության պատմությունից

original67
Եթե վախենում եք այցելել ատամնաբույժի, ապա սարսափելի այս պատմությունները ձեզ համար են: Իմացեք, թե ինչ մղձավանջ են ապրել մարդիկ Միջնադարում ատամնաբույժին այցելելելիս: Հակոբ Պարոնյանի «Ատամնաբուժն Արևելյանը» մանկական պատմվածք կթվա ձեզ համար և դուք այլևս չեք վախենա ոչ ատամնաբուժյից, ոչ էլ նրա «ճիզվիտական գործիքներից»:

Ատամի ցավից  ազատվելու ամենաանվնաս միջոցն առաջարկեց գերմանացի գիտնական Կարդանուսը 400 տարի առաջ: Նա հիվանդին խորհուրդ էր տալիս բաց բերանով նստել թեքվելով լուսնի կողմը: Իբր լուսնի ճառագայթները բարենպաստ ազդեցություն էին թողնում ցավող ատամի վրա: Մի այլ գիտնական՝ հռոմեացի Պոլինիոսը I դարում գտնում էր, որ ցավող ատամի կողմի ականջի մեջ պիտի լցվի ագռավի ծերտի ու յուղի խառնուրդ: Բայց երբ տնական թերապիան չէր օգնում, ստիպված դիմում էին բժշկի: Իսկ հնադարյան բժշկապետները ատամի ցավին մոտենում էին տարբեր կողմերից: Այն ժամանակներում բժիշկները ատամի ցավի դեմ որպես առաջին միջոց օգտագործում էին … թուլացնող կլիզման: XI դարի արաբ վիրաբույժ Աբուլկազին ատամնաբուժներին խորհուրդ էր տալիս բուժման հետևյալ կարգը՝ սկզբից կլիզմա անել, ստիպել սոված մնալ մի քանի օր, ապա դատարկ ստամոքսով հաճախակի լոգանքներ ընդունել, իսկ եթե դրանք էլ չօգնեն, ուրեմն ատամը այրում էին տաքացրած երկաթով այնքան ժամանակ, մինչև կրակը հասներ արմատին:

Ատամի որդը և առաջին բորմեքենան

Մեր նախնիները համոզված էին, որ ատամի ցավի պատճառը նրանում բուն դրած որդն է, որ անցք է փորում այնտեղ: Այդ որդին հալածում էին ոչ միայն տաքացրած երկաթով, այլև հալած մոմ ու աղաթթու էին լցնում վրան: 1820 թվականին ֆրանսիացի Դելաբարն առաջին անգամ փորիչ օգտագործեց կարիեսից տուժած ատամների բուժման ժամանակ: Իսկ կես դար անց ամերիկացի ատամնաբույժ Մորրիսոնը բորմեքենա ստեղծեց ոտքի փոխանցումով: Այդ սարքավորումները շատ երկար ապրեցին: Նշանավոր ատամնաբուժ Ալեքսանդր Գուլինի գրառումներում պահպանվել է մի ուսուցչի հիշողություն այն մասին, թե ինչպես էր նա ատամը բուժում 1950 – ականների սկզբում ամառային զինվորական ճամբարում: «Ինձ նստեցրին մի բազկաթոռի վրա, որին ամրացված էին հեծանիվի ոտնակներ և այն փոխանցման շղթայով ամրացված էր բորմեքենային: Բժիշկը կարգադրում է. – Բացիր բերանդ և պտտիր ոտնակները: Ես պտտում եմ, իսկ նա փորում է ատամս: Ինչքան ցավը սաստկանում է, այնքան կատաղի եմ պտտում ոտնակները: Ավարտվեց այդ «հեծանվավազքը» նրանով, որ փորիչը ջարդվեց և մնաց ատամիս մեջ»:

Ատամ հանելը

Երբ բուժման նշված միջոցներն արդյունք չէին տալիս, մնում էր մի բան միայն՝ պոկել ատամը ծնոտից: Հնում դրանով զբաղվում էին ոչ թե բժիշկները, այլ «օժանդակ» մասնագիտության մարդիկ՝ դահիճները, դարբինները, ոսկերչները, վարսավիրները, կոշտուկ հանողները և այլ «նեղ մասնագետներ»: Օգտագործվում էին շատ պարզունակ հարմարանքներ: Եվ այսպես. նստեցնում էր, ասենք, վասավիր – վիրաբույժը հիվանդին հատակին, ինքը տեղավորվում աթոռին, առնում դժբախտի գլուխը ծնկների մեջ, աքցանով շոշափում ցավող ատամը և … ահավոր բառաչ ու թառանչ էր տարածվում շրջակա միջավայրի վրա: Երբեմն այս գործի որոշ վարպետներ գերադասումն էին այս փորձության ժամին հիվանդին տեսնել ոտքի վրա: Ատամ քաշողներից Ռուսաստանում փառաբանվել է հատկապես Պետրոս Մեծը: Կայսրն իր հետ մշտապես ուներ վիրաբուժական գործիքների մի հետաքրքիր տուփ, որտեղ աչքի էր ընկնում հատկապես մեծ, փայլուն աքցանները: Սիրում էր մեծ բարեփոխիչը սեփական ձեռքերով հանել իր պալատականների ատամները – այս դեպքում՝ ուղիղ իմաստով:

Ատամի պրոթեզները

983f09

Հեռացված ատամների փոխարեն տեղադրում էին պրոթեզներ: Դեռևս մ. թ. ա IV – III դարերում հարուստ փյունիկցիների բերանում ոսկյա լարերով ամրացնում էին  փղոսկրից պատրաստված կտրիչներ: Միջնադարյան պրոթեզավորողները իրենց այցելուների բերանում տեղադրում էին խոզի, շան, երբեմն էլ մարդու ատամներ: Լեգենդար չարագործ – կալվածատեր Սալտիչիխան (Դարյա Նիկոլաևնա Սալտիկովա), ցանկանալով վերականգնել երբեմնի երիտասարդական ժպիտը, ստիպում է դարբնին պոկել իր կալվածքի ճորտ տասնյակ աղջիկների ատամները, որ նրանցից ընտրություն կատարի իր բերանում տեղադրելու համար՝ ըստ չափի ու գույնի:

Ատամի մաքրման առաջին միջոցները

Հնում մարդիկ անտարբեր չէին նաև կանխարգելիչ միջոցների նկատմամբ: Հույն նշանավոր բժշկապետ Հիպոկրատը մ. թ. ա Vդարում խորհուրդ էր տալիս ատամների պահպանման և բերանի տհաճ հոտը վերացնելու համար հետևյալ դեղատոմսը.           «Այրել երեք մուկ նապաստակի գլխի հետ …, հավանգի մեջ ծեծել այդ մոխիրը մարմարի խճի հետ…, մաքրել ատամներն ու լնդերն այդ փոշիով, որից հետո ատամները շփել ոչխարի քրտնաթոր բրդի ու մեղրի խառնուրդով»: Մ. թ. I դարում հռոմեացի Պլինիոս Ավագը որպես կարիեսի կանխարգելման միջոց խորհուրդ էր տալիս երկու ամիսը մեկ ուտել տապակած մուկ: Նման անհեթեթությունների բազմիցս հանդիպում ենք նաև հայ բժշկապետների  Ամիրդովլաթ Ամասիացու, Մխիթար Հերացու և ուրիշների մոտ: Շատ պարզունակ միջոց էր առաջարկում անգլիացի բժիշկ – քահանա Ջոն Գլադեսդենը: Նա գտնում էր, որ ատամներն առողջ պահելու համար մարդը պիտի հաճախակի շնչի իր արտաթորանքի հոտը: Հին Չինաստանում ճիշտ էր համարվում ատամները մաքրել կապկի այրած գլխի մոխիրով: Իսկ հին հռոմեացիները այդ հիգենիկ գործընթացի համար օգտագործում էին մարգարիտի ու մարջանի փոշին:

Համարձակորեն մտեք ատամնաբուժարան, Ձեր բախտն ուղղակի բերել է, որ չեք ծնվել հազար և ավելի տարի առաջ:

Օգտագործած աղբյուրներ

Ս. Վարդանեան, «Բժշկութիւնը հին եւ միջնադարեան Հայաստանում»

http://facte.ru/history

https://ru.wikipedia.org/wiki/%D0%95%D1%81%D1%82%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D0%BD%D0%B0%D1%8F_%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D1%8F_(%D0%9F%D0%BB%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B9)

http://mozdocs.kiev.ua/news.php?id=6349

http://absentis.org/abs/lsd_0_add_europe_smell.htm

Оставьте комментарий