Ինչով էին տարբերվում ԽՍՀՄ երեխաները

скачанные файлы

 

Եթե դուք այն սերնդից եք, ում մանկությունն անցել է 1960, 70, 80 – ական թվականներին, ապա ետ նայելով մեր անցյալին, զարմանալ կարելի է,թե ինչպես ենք մենք հասել մեր օրերը: Մեր մանկության տարիներին մենք երթևեկում էինք մեքենաներով, որ ոչ գոտիներ ունեին, ոչ էլ՝ անվտանգության բարձիկներ: Մեր մահճակալները ներկված էին վառ գույնի ներկերով, որ կապարի երկօքսիդի մահաբեր պարունակություն ունեին: Մանուկ հասակից զանազան «առողջությունը պահպանող – վերականգնող» դեղահաբեր ու միջոցներ չէինք օգտագործում, մեր տան դռները շատ հաճախ չէինք փակում, իսկ պահարանների վրա, ընդհանրապես փական չկար:
Ջուրը խմում էինք ծորակից, սարի աղբյուրից, նույնիսկ առվակից, այլ ոչ թե պլաստիկ շշերից, ինչպես հիմա: Մեր մտքով անգամ չէր անցնում հեծանիվ քշել սաղավարտով: Այն մեր մանկության ժամանակ գոյություն էլ չուներ: Ժամերով ու օրերով աղբանոցներից գտած տախտակներով ու առանցքակալներով (подшипники) սայլակներ ու ինքնագլորներ (самокат) էինք սարքում և, երբ առաջին անգամ իջնում էինք նրանով սարից, հիշում էինք, որ մոռացել ենք արգելակներ սարքել: Հետո, երբ մի քանի անգամ խրվում էինք փշոտ թփերի մեջ, հասկանում էինք, որ այդ խնդրին լուծում է պետք տալ: Առավոտյան գնում էինք տնից և խաղում էինք ամբողջ օրը, երբեմն մոռանալով, որ քաղցած ենք: Վերադառնում էինք, երբ արդեն վառվում էին փողոցի լապտերները, եթե կային դրանցից:

Ամբողջ օրը ոչ ոք չգիտեր մեր տեղը: Որքան էլ դժվար լինի պատկերացնել, բջջային հեռախոսներ չկային: Քերծվում, կտրտվում էին մեր ձեռքերն ու ոտքերը, անվերջ կռիվներում ջարդվում էին մեր ոսկորներն ու ատամները: Շատ ու տարաբնույթ դեպքեր էին լինում, բայց ոչ ոք ոչ մեկին դատի չէր տալիս: Միշտ մեղավոր էինք մենք ինքներս: Հիշու՞մ եք, արյունոտվում էինք, քանի օր կապտուկներով շրջում և սովորում էինք ուշադրություն չդարձնել այդ «մանրուքների» վրա:

Պաղպաղակ, կորժիկ ու կեքս էինք ուտում, վրան լիմոնադ խմում և ոչ ոք դրանից չէր գիրանում, քանի որ շարժման մեջ էինք ողջ օրը: Մի շշից խմում էինք մի քանի հոգով և դրանից ոչ մեկը չմեռավ: Չենք ունեցել ոչ խաղային հավելասարքեր, ոչ համակարգիչ, 100 և ավելի ալիք ունեցող արբանյակային հեռուստատեսություն էլ չկար, ոչ էլ կոմպակտ դիսկ ու համացանց: Կինոնկար նայում էինք գյուղական ակումբներում կամ պիոներ պալատում, 5 – 10 կոպեկով կամ մի ձվի դիմաց:

Բայց լավ ընկերներ ունեինք: Տնից դուրս էինք գալիս ու գտնում նրանց: Հեծանիվ էինք քշում, սղղում դահուկներով ու սահնակներով ձմռանը, նստում պատերին կամ դպրոցի բակում և զրուցում ամեն ինչից: Երբ մեկը մեզ պետք էր, գնում էինք նրա տուն և թակում դուռը: Մենակ: Ինքներս: Առանց թիկնապահների և  ապահովության միջոցների: Եվ ինչպե՞ս կարողացանք ապրել այդ «դաժան ու վտանգավոր» աշխարհում:

Խաղեր էինք հորինում մահակներով ու պահածոյի տուփերով, խնձոր էինք գողանում հարևանի այգուց և ուտում առանց լվանալու: Ո՞նց չէինք հիվանդանում: Ֆուտբոլի խմբակներ էինք գրվում, բայց քչերին էին վերցնում և չընդունվողների համար դա ողբերգություն էր: Լավ էինք սովորում, բայց չսովորողներ էլ կային: Ստուգողականներն ու քննությունները 10 մակարդակ չունեին, ոչ էլ թեստեր կային: Կային երկտարեցիներ, որ դպրոցն ավարտում էին մի քանի փորձից հետո: Դասամիջոցներին աղջիկները «կլաս» էին խաղում կամ պարան թռնում, իսկ մենք խանգարում էինք նրանց, ջուր շփում իրար վրա բազմակի օգտագործած շպրից – ասեղներով:

Մենք պատասխանատու էինք մեր արարքների համար, չէինք թաքնվում որևէ մեկի թիկուքում: Միլիցիայից կաշառքով խուսափելու կամ բանակից անհարկի ազատվելու փորձեր գործնականում չկային: Ծնողներն այն ժամանակներում օրենքի կողմն էին, կարո՞ղ եք դա պատկերացնել:

Այդ սերունդը տվել է մարդկանց մի մեծ քանակություն, որոնք ընդունակ են ռիսկի դիմել, խնդիրներ լուծել և ստեղծել մի այնպիսի բան, որ մինչ այդ չէր եղել: Մենք ունեինք ընտրության հնարավորություն, ռիսկի դիմելու և անհաջողության մատնվելու իրավունք և պատասխանատվության խրոնիկական դարձած զգացողություն և սովորել էինք օգտվել այդ ամենից:

Եթե դուք այդ սերնդից եք, ես ձեզ շնորհավորում եմ: Մեր բախտը բերել է, որ մեր մանկությունն ու պատանեկությունն ավարտվել են մինչ այն պահը, երբ ցինիկները գնեցին երիտասարդների ազատությունը՝ փոխարեն տալով բջջային, հոլովակ, ծամածռվող «աստղեր», կոլա ու չիպս և այլ զիբիլ … Հենց նրանց համաձայնությամբ … Հենց նրանց բարօրության համար:

 

Оставьте комментарий