Գարշահոտ Եվրոպան

1177857043_smeshniekartinki6vf4Գարշահոտ Եվրոպան

կամ զուգարանների պատմության ստեղծման փորձ

Միջնադարյան Եվրոպայի մասին մենք գիտենք Վալտեր Սկոտի, Սերվանտեսի, Հյուգոյի և հայր ու որդի Դյումաների ստեղծագործություններից կամ այն կինոնկարներից, որ նկարահանվել են այդ գրողների վեպերի մոտիվներով: Պճնազարդ, նրբազգաց տիկնայք, էլեգանտ, կոկիկ հագնված կեղծծամավոր կոմսերն ու դուքսերը, մաքուր փողոցներն ու ծազկազարդ զբոսավայրերը, որ հայտնվում են էկրանին՝ շատ հեռու են միջնադարյան եվրոպական խոշոր քաղաքների՝  Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, Մադրիդի իրական պատկերից: Իրականությունը, որ մեզ համար պահպանել է այդ երկրների պատմությունը գորշ է ու գարշահոտ: Ահա ինչպես է նկարագրվում եվրոպական քաղաքը.

Ուշադրություն, կեղտաջրեր են թափվում:

 

Միջնադարը շատ «բուրավետ» էր: Գյուղացիները շարունակում էին օգտվել փողոցային զուգարաններից, իսկ պարիսպներով շրջապատված քաղաքներում զուգարանները գտնվում էին պարսպի պատերի մեջ և մարդկային կենսագործունեության աղտեղությունները հոսում էին պարսպից դուրս: Պատկերացրեք այն հոտը, որ կար քաղաքի շրջակայքում:

Չնայած ճարտարագիտական մտքի զարգացմանը, որի արդյունքում ստեղծվեցին թեք ջրհորդաններ, քաղաքներից դեռևս վատ հոտեր էին գալիս: Հատկապես աչքի էր ընկնում Փարիզը: Այստեղ 1270 թվականին օրենք ընդունվեց, որով «փաիզցիներին արգելվում էր կեղտաջրերը, մեզն ու կեղտը տների բարձր հարկերից թափել փողոց, որպեսզի չկեղտոտեն փողոցով անցնող մարդկանց»: Չենթարկվողները պետք է տուգանք վճարեին: Սակայն այս օրենքը երևի թե այնքան էլ չէր գործում, քանի որ հարյուր տարի անց Փարիզում ընդունվում է նոր օրենք, որն այնուամենայնիվ թույլատրում է լուսամուտներից կեղտ թափել փողոց, միայն թե երեք անգամ «Զգուշացեք, թափում եմ» գոռալուց հետո: Փողոցով անցնողներին փրկում էին միայն կեղծծամները, եթե դա կարելի է փրկություն համարել: Իրար վրա կեղտ էին թափում ոչ միայն հասարակ փարիզցիները, այլև ֆրանսիական ավագանու շատ ներկայացուցիչներ: 1362 թվականին Թոմաս Դյուբյուսսոն անունով մի մարդ հանձնարարություն ստացավ Լուվրի այգում և միջանցքներում վառ կարմիր խաչեր նկարել, որպեսզի այդ տեղերում չմիզերին կամ կեղտոտեին: Խաչի մոտ դա անելը սրբապղծություն էր համարվում: Գահասրահ տանող միջանցքով մարդիկ անցնում էին քթները բռնած՝ ամենուրեք գարշահոտություն էր: 1670 թվականին մեկը, որ ցանկանում էր հասար«ակական զուգարաններ կառուցել, գրում էր.

«Լուվրում և նրա շրջակայքում, պալատական պուրակներում և պալատի ներսում, նույնիսկ դռների հետևում մարդկային արտաթորանքի հազարավոր կույտեր կային, որ թողել էին պալատի բնակիչներն ու հյուրերը»: Լուվրի բարձրաստիճան բնկիչները պարբերաբար հեռանում էին այնտեղից, որպեսզի ծառաները լվան – մաքրեն և օդափոխեն պալատը:

 

Ապագան առանց գարշահոտության

Լենարդո դա Վինչին այնքան էր վախեցած փարիզյան գարշահոտությունից, որ Ֆրանսուա Առաջին թագավորի համար ջրալվացմամբ զուգարան գծագրեց: Նրա պլանների մեջ կային նաև կոյուղագծեր և օդափոխության համակարգեր, սակայն … Ինչպես ուղղաթիռի և սուզանավի դեպքում, Լեոնարդոն զուգարանի գյուտով էլ շտապեց մի քանի հարյուր տարի: Նրա ժամանակ չստեղծվեցին հասարակական զուգարաններ: Սակայն այս ժամանակներում իշխող ավագանու շրջանում հարգի էին փոքր, հարմարավետ զուգարանակոնքերը: Դրանք աթոռակներ էին, որոնք վերևից անցք ունեին և որի մեջ անոթ էր տեղադրվում: Կահույքագործների երևակայությունը այստեղ զարգանալու պարարտ հող գտավ: Հայտնվեցին բազմապիսի զուգարան — աթոռակներ բազկաթոռի, գրասեղանի և նույնիսկ պահարանի տեսքով` զարդարված հարուստ ու գեղեցիկ փորագիր նկարներով, թանկարժեք ոսկեթել գործվածքով և ճոխության ու զեխության այլ պարագաներով:

Այն ժամանակներում զուգարանային ծիսակարգը, իրոք, բարձր իշխանության խորհուրդ ուներ: Ֆրասուա արքան (1515 – 1547 թթ.) առաջինն էր, որ այդ աթոռակների վրա նստած թագավորական ընդունելություն կազմակերպեց: Նման ընդունելություններ էր կազմակերպում նաև նրա մայրը` Եկատերինա Մեդիչին և երբ մահացավ նրա ամուսինը, նա որպես սգո նշան իր աթոռակի կարմիր թավիշը փոխարինեց սևով: Հետևելով նորաձևությանը, ֆրանսիական ազնվականությունը կենցաղ մտցրեց «գահական ընդունելությունները», երբ մարդիկ զրուցում, թեյում կամ ուտում էին գիշերանոթների (горшок) վրա նստած: Պատկերացրեք քիմքին անհարիր ինչ հոտեր կային այդ սրահներում: Վերջապես 1775 թվականին Ալեքսանդր Կամմինգս անունով մի բրիտանացի գլխի ընկավ զուգարանակոնքից դուրս եկող խողովակը ծռել V ձևով, որպեսզի այդտեղ մի քիչ ջուր մնա և թույլ չտա հոտի տարածումը: Կամմինգսի առաջ մարդկությունը գլուխ պիտի խոնարհի լվացվող զուգարանի գյուտի համար:

Կոյուղի չունեցող միջնադարյան եվրոպական քաղաքները ունեին քաղաքը շրջապատող քարակոփ պարիսպների շղթա, որոնց առաջ թշնամուց պատերը պաշտպանելու համար խոր ջրափոսեր էին փորված: Հենց դրանք էլ կոյուղու դեր էին կատարում: Պարիսպներից քաղաքի ողջ կեղտը թափում էին այդ փոսերը: Փարիզում մարդկային արտաթորանքի բլուրներ էին առաջացել քաղաքային պարիսպների մոտ: Սկզբում պարիսպները բարձրացրին, սակայն աճող կեղտակույտերը հասան նոր բարձունքների: Վտանգ կար, որ թշնամին քաղաք կարող էր ներխուժել կեղտաբլուրների վրայով: Բարոք չէր վիճակը նաև քաղաքի ներսում: Անձրևոտ եղանակին կեղտի գետեր էին հոսում փողոցներում: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ են զոհվել կեղտաջրերի հորձանուտներում: «Աղտոտ հեղեղները հոսում էին Գրևյան հրապարակից մինչև Սեն – Միշել կամուրջը, անցնելով տասնյակ կախաղանների տակով, որոնք երբեք դատարկ չէին լինում: Կախաղանները փարիզյան մռայլ համայնապատկերի բաղկացուցիչն էին»,- նշում է ժամանակակիցը

Անցորդներն իրենց բնական կարիքները հոգում էին որտեղ պատահի և երբ պատահի: Սպասուհիներն ու աղախինները ձևականորեն գոռալով «Զգուշացեք թափում եմ», գիշերանոթների ողջ պարունակությունը թափում էին փողոց: Տների մեծամասնությունում ոչ միայն պետքարանի հարմարություններ չկային, այլ նույնիսկ փոսեր չկային կեղտը թափելու համար: Նույնիսկ թագավորական պալատուի ներքին բակերում կեղտակույտեր կային: Պալատականները նույնպես առանձնապես մաքրասիրությամբ չէին փայլում: Երբեմն Փարիզը փորձում էին մաքրել: Առաջին այդպիսի «կոմունիստական շաբաթօրյակ» կազմակերպվեց 1666 թվականին և այս իրադարձությունը այնպիսի տպավորություն թողեց ժամանակակիցների վրա, որ դրա առթիվ մեդալ հատեցին:

«Շանյան սիֆիլիսն ու փարիզյան կեղտը կանհետանան փարիզցիների հետ միասին», — ասվում էր ֆրանսիական հին ասացվածքում: Կարդինալ Ալֆոնս դյու Պլեսս Ռեշելեն, որ չէր վախենում նույնիսկ ժանտախտով հիվանդներին բուժելուց, խուսափում էր Փարիզ գնալուց, նույնիսկ, երբ դրա խիստ անհրաժեշտությունը կար: Օրինակ` քննարկվում էին դավանաբանական հարցեր: Նա ուղղակի խեղդվում էր մայրաքաղաքի գաղձ օդից: Միայն ХІХ դարում Ֆրանսիայում առաջխաղացում նկատվեց «զուգարանային» գործում, երբ Փարիզի փողոցների մայթերում հայտնվեցին կարճ դռներով փայտյա խցիկներ, որտեղից մշտապես երևում էին ինչ – որ մեկի ոտքերը: Բայց դեռևս ХІХ դարի վերջերին Փարիզի Լատինական թաղամասում կեղտաջրերը բաց էին թողնում փողոցներով: Այդ փողոցներում մինչև հիմա էլ պահպանվել են այն փոսորակները, որտեղ թրջվում էին ֆրանսուհիների երկար շրջազգեստների փեշերը:
Անգլիա

Լոնդոնը շատ չէր տարբերվում Փարիզից: Անգլիական «լավագույն» տներում գիշերանոթների պարունակությունը թափում էին բուխարիների մեջ: Կարելի էր նաև ուղղակի միզել կրակի մեջ: Գարշահոտություն էր տարածվում, իհարկե, բայց գոնե վնասակար բացիլներն էին ոչնչանում կրակում: ХІV դարի սկզբին Լոնդոնի թագավորական պալատում, հանդիսությունների սրահին կից ստեղծվեց «մասնավոր սենյակ», որտեղ մեզ ծանոթ վերևից անցք ունեցող աթոռակի տակ մեծ թեքությամբ դրված խողովակով արտաթորանքը թափվում էր պարսպից դուրս` ջրով լցված խրամը: Այդ խրամները, ինչպես հայտնի է, պաշտպանական նշանակություն ունեին: Դրանք շուտով մեծ դժբախտության աղբյուր դարձան: Եվրոպայում ահավոր ժանտախտ տարածվեց որը որոշ պատմիչների հավաստմամբ խլեց եվրոպական բնակչության մինչև 80 տոկոսի կյանքը: Ամայացան շատ երկրներ, գյուղեր ու քաղաքներ: Որոշ տեղեկություններով ժանտախտավոր հիվանդներին բուժելիս է մահացել նաև միջնադարյան բժիշկ, աստղաբան և գուշակ Միշել Նաստրոդամոսը: Կեղտոտ կենցաղ վարելու համար Եվրոպան թանկ վճարեց:

Անգլիացի հասարակ մարդիկ, որոնք «մասնավոր սենյակ» չունեին,ինչպես և ողջ Եվրոպայում, իրենց մեզն ու կղկղանքը թափում էին պատուհանից փողոց: Այստեղ տարբերությունն այն էր, որ չիրագործվող օրենքներ չէին ընդունում, քաղաքը աղտոտողների նկատմամբ, ինչպես Փարիզում: Այստեղ ստեղծեցին հատուկ գիշերային պահնորդների ծառայություն, որի պարտականությունն էր հետևել երկրորդ հարկերի պատուհաններին և զգուշացնեին անցորդներին, եթե այնտեղից հայտնվում էր մեկը գիշերանոթը ձեռքին: Այս պաշտոնը մտցվեց թագավորի հրամանի համաձայն, քանի որ այն ժամանակների (նաև այսօրվա) բարոյական չափանիշներով շատ վիրավորական էր ընկնել վերևից թափվող կեղտաջրերի տակ, հռհռացող քաղաքացիների աչքի առաջ: Իսկ քաղաքաբնակների համար դա դարձել էր սպորտի նման մի բան, քանի որ չկար ավելի ուրախ պարապմունք, քան ազնվականների վրա վերևից կեղտաջուր թափելը: Միաժամանակ թարմ հետքերով ներխուժել վիրավորողի տուն և պատժել` համարյա անհնար էր, քանի որ կեղտ թափողը նեղ ու ոլոր – մոլոր հետնախորշերով դուրս էր գալիս այլ փողոց և խառնվում անցորդներին, իսկ հարևանները պաշտպանում էիր նրան: Իհարկե, լինում էին դեպքեր, երբ ազնվականը կամ քաղաքացին գտնում և դաշունահարում էին իրենց խայտառակողին,բայց այս անգամ էլ կանգնում էին դատարանի առաջ: Մի խոսքով` ավելի հեշտ էր քաղաքում գիշերային պահնորդություն սահմանել, քան փոխել քաղաքացիների բնույթը կամ կոյուղի անցկացնել: Այս իրականությանը կողմ էր նաև ինկվիզիցիան, քանի որ նրանք գտնում էին, որ այն ամենը, ինչ կատարվում է գիշերը, չար ուժերի գործն է: Խոստովանել, որ քո վրա մեզ ու կեղտ են լցրել` ամոթ էր լորդի կամ կոմսի համար, մյուս կողմից  էլ քաղաքացին կարող էր գիշերն արած իր կատակը վերագրել չար ուժերին: Կեղտը հոսում էր փողոցներով ու ճանապարհներով, ներծծվում հողի մեջ, վարակելով այն ջրհորները, որտեղից նույն մարդիկ ջուր էին վերցնում խմելու և կերակրի համար: Ջուրը դարձավ տարափոխիկ հիվանդությունների վարակի աղբյուր և երբ ժանտախտն ու խոլերան ավելի շատ մարդկանց կյանք խլեցին, քան ХІІ – ХІХ դարերի բոլոր պատերազմները միասին վերցրած, մարդկանց մոտ աստիճանաբար հաստատվեց այն գիտակցությունը, որ լավ լվացած մարմինն ու մաքուր սպիտակեղենը վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ամենալավ գրավականն են: ХVІІ դարում անգլիական պառլամենտը հռապարակեց հատուկ օրինագիծ բաղնիքների ու լվացքատների կառուցման, ինչպես նաև օգտագործվող ջրի գինն իջեցնելու մասին: Եվ այստեղ նորից գործին խառնվեցին հոգևորականները: Նրանք մարդկանց կախարդանքի մեջ մեղադրելու սպառնալիքով արգելում էին միայնակ լողանալ: Այսպիսի մեղադրանքները գալիս էին դեռ Հակոբ І ժամանակներից: Եկեղեցին բաղնիքները համարում էր ոչ բարոյական հաստատություններ: Մաքրակեցաղ չէին ոչ ազնվականությունը, ոչ էլ հասարակ մարդիկ: ХVІІІ դարում Լոնդոնում պատմում էին մի ազնվազարմ տիկնոջ մասին: Ընթրիքի ժամանակ, երբ նրան դիտողություն են անում, որ ձեռքերը կեղտոտ են, նա պատասխանում է. «Դուք սա կեղտ ե՞ք համարում, դուք դեռ իմ ոտքերը չեք տեսել»: Միայն ХІХ դարի կեսերին մարմնի խնամքին հետևելը դարձավ բարեկեցության ու օրինավորության չափանիշ: Հենց այս ժամանակ էլ հայտնվեցին առաջին կոյուղիներն զուգարանակոնքերը: Եղել են նաև զվարճալի դեպքեր, երբ հյուրերը գեղեցիկ նախշազարդված հախճապակե զուգարանակոնքը շփոթել են ապուրի կաթսայի հետ: Իսկ մինչ այդ էսքվայրերի ու ջենտլմենների համար նախատեսված բարձրակարգ պանդոկներում դրվում էին վերևից անցք և ներքևում անոթ ունեցող աթոռներ: Մինչև 1860 – ական թվականները անգլիական խորհրդարանի պատուհանները չէին բացվում, քանի որ նրանք նայում էին Թեմզա գետին, ուր թափվում էին ողջ Լոնդոնի աղտոտությունները: Ամռան ամիսներին հնարավոր չէր հանգստանալ Թեմզայի ափին: Այն համաքաղաքային կոյուղու դեր էր կատարում: Այս ամենն ավարտվեց նրանով, որ Մեծ Գարշահոտության օրը անգլիական պառլամենտը դադարեցրեց իր աշխատանքը և պատգամավորները քթերը փակած ցրվեցին իրենց տները: Դրանից հետո որոշում ընդունվեց կառուցելու համաքաղաքային կոյուղի: Տներում, նույնիսկ Թեմզայից շատ հեռու, այնպիսի գաղջ օդ էր կանգնած, որից հնարավոր չէր խուսափել ոչ մի կերպ: Բաց դռներն ու պատուհանները չէին փրկում գարշահոտությունից: Էրազմ Ռոտերդամցին դեռ ХVІ դարի սկզբին Անգլիայի մասին գրում էր. «Այստեղ տների հատակը կավից էր և ծածկված էր ճահճային եղեգից գործած խսիրով, ընդ որում դրանք հազվադեպ էին փոխվում և ներքին շերտը երբեմն 20 տարի մնում էր հատակին կպած: Այն ներծծված էր թքով, մարդկանց ու կենդանիների կղկղանքով ու մեզով, գարեջրով, ուտելիքի մնացորդներով ու այլ կեղտով: Երբ եղանակը փոխվում էր, հատակից այնպիսի հոտեր էին բարձրանում, որը, իմ կարծիքով, չէր կարող օգտակար լինել նրանց առողջությանը», — եզրակացնում էր մեծ մտածողը:

Գերմանիա

Ինչպես ողջ Եվրոպայում, այստեղ էլ չկար կոյուղի: Գերմանական հարուստ տներում փոս էին փորում տան տակ, ուր լցվում էր կեղտն ու մեզը, և ծածկում էին գերաններով: Սովորաբար դա լինում էր գլխավոր սրահի տակ: Պատմությունը մեզ է հասցրել մի տխուր պատմություն, որ կատարվել է 1183 թվականին, Էրֆուրտյան դղյակում: Կայսր Ֆրիդրիխ І հրավերով այստեղ խորհրդակցության էին հավաքվել բազմաթիվ իշխաններ, ասպետներ և դաշնակիցներ: Գլխավոր սրահի հատակի հեծանները , որ քայքայվել էին խոնավությունից ու կեղտաջրերի գոլորշիացումից, չդիմանալով նրանց ծանրությանը` փլվեցին և բարձրաստիճան իշխանավորներն ու հյուրերը հայտնվեցին հարյուրավոր տարիներ այստեղ հավաքված կեղտի ու մեզի կիսահեղուկ զանգվածի մեջ: Փրկվածները համոզված էին, որ ինչ որ գաղտնի ուժ հանկարծակի փլեց հատակը և ութ իշխաններ, տասնյակ ազնվականներ, հարյուրից ավելի ասպետներ և բազմաթիվ ծառաներ ու սպասավորներ դաժանորեն խեղդվեցին  դղյակի նկուղում: Կայսր Ֆրիդրիխ І Բարբարոսային հաջողվեց փրկվել բռնվելով պատուհանագոգից: Այնտեղից նրան պարանով վեր բարձրացրին:

Հետագա երեք հարյուր տարիների ընթացքում համարյա ոչինչ չփոխվեց Գերմանական կայսրությունում, և Ֆրիդրիխ ІІІ (1440 — 1493) քիչ էր մնում կրկներ իր նշանավոր նախնու ճակատագրը: Ահա ինչ է հավաստում Պատմությունն այդ մասին. «ХV դարի վերջին Ռայտլինգ քաղաքի բնակիչները համոզում էին Ֆրիդրիխ ІІІ  չայցելել իրենց քաղաք, բայց նա չլսեց և քիչ էր մնացել ձիու հետ միասին խեղդվեր կեղտի մեջ»: Կեղտը բոլոր քաղաքների գլխավոր խնդիրն էր: Քաղաքամերձ գյուղերից այստեղ բնակության էին գալիս շատ գյուղացիներ, իրենց հետ բերելով ընտանի անասուններ և թռչուններ: Վերջիններս ազատ զբոսնում էին փողոցներում ու հրապարակներում, աղտոտելով շրջակայքը: Գյուղացիական սովորությամբ աղբն ու կեղտը լուսամուտներից փողոց էին թափում: Գարշահոտություն էր կանգնած օդում: Աղբն ու կեղտը պղտոր հորձանքով հոսում էին փողոցներով: Հեշտ չէր սայլով անցնել և չխրվել կեղտի մեջ: Խաչմերուկներում և անցումների մոտ քայլի հեռավորությամբ մեծ քարեր կամ գերաններ էին գցում փողոցն անցնելու համար: Բայց երբեմն դրանք էլ  չէին օգնում: Շատ դժվար էր հատկապես գարնան անձրևառատ եղանակին: Մեզ հասած տարեգրությունների համաձայն հենց այդ ժամանակ հայտնվեցին քաղաքաբնակների «գարնանային կոշիկները»` դրանք երկար փայտե ձողեր էին, որոնց վրա գետնից 50 – 60 սմ բարձրության վրա մեխում էին կոթուններ և այդ կոթունների վրա կանգնած, ձողերը թևերի տակ, շրջում էին փողոցներում, խուսափելով կեղտոտվելուց: Գերմանիայում ստեղծված այս փայտե հարմարանքները այնքան լայն տարածում գտան Եվրոպայում, որ Ֆրանսիայում ու միջնադարում Բելգիայում մրցումներ էին կազմակերպվում նրանցով:

Ֆրիդրիխ І հետ կատարված արկածը, որի հետևանքով վերջինս քիչ էր մնացել խեղդվեր կեղտափոսում, չէր կարող տեղի ունենալ գերմանական խոշոր քաղաքներից մեկում` Նյուրենբերգում, քանի որ դեռևս ХІV դարում քաղաքագլուխը «քաղաքի օդը մաքուր պահելու» ձևակերպմամբ հրաման արձակեց քաղաքացիներին արգելել խոզերը պահել փողոցներում: Եվ ինչ եք կարծում, ուր տարան նրանք  խոզերին, ճիշտ գուշակեցիք` բնակարանները:

Գերմանական որոշ դղյակներում երբեմն փորձեր էին անում կառուցել զուգարաններ` նույնիսկ ջրալվացմամբ: Օրինակ` Բուրգ Էլց ամրոցում միջնադարում զուգարան էր կառուցվել կողային կլոր աշտարակում: Վերևում մեծ տարողություններ էին դրված, որոնք լցվում էին անձրևաջրով և փականները բացելով ջուրը լվանում տանում էր աղբն ու կեղտը: Բայց եթե տարին երաշտ էր…

Քաղաքով անցնող գետերի ափին կանգնել չէր լինում գարշահոտությունից: Դրա համար էլ այդ գետերը Ֆրանսիայում անվանում էին «Կեղտոտ», իսկ Գերմանիայում «Գարշահոտ»:

Միայն 1899 թվականին կազմակերպվեց «Ժողովրդական բաղնիքների գերմանական միություն», որի լոզունգն էր «Ամեն գերմանացուն բաղնիք ամեն շաբաթ»: Սկզբում մաքրության ջատագովներին քիչ էին աջակցում: Այդ է հաստատում թեկուզ այն փաստը, որ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ողջ Գերմանիայում կային ընդամենը 224 բաղնիք, մինչդեռ միայն Բեռլինում գործում էին ութ հավաքատեղիներ անասունների համար:
Իսպանիա

 

Այս երկրի մասին երկար բարակ գրել պետք չէ, բավական է նայել նրա տուրիստական կայքերից մեկը. «Իսպանիա: Մադրիդ: Քաղաքն ուի իր մութ կողմը, եթե անցնեք հին թաղամասերով, կարող եք պատկերացնել, թե ինչպիսին է եղել այն Միջնադարում, ծանր, գաղջ օդ է կանգնած նրա ոլոր – մոլոր փողոցներում, իզուր չեն այն անվանել եվրոպական ամենամռայլ և կեղտոտ մայրաքաղաքը»: Այսինքն Մադրիդն ավելի «ուրախ» քաղաք է եղել, քան Լոնդոնն ու Փարիզը: Ինչպես ասում են մեկնաբանություններն ավելորդ են:

Արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ա.Ի. Լիպկովը, որ հետաքրքրվել է զուգարանների պատմությամբ, քանի որ ըստ նրա «ինչ մշակույթ, առանց քաղաքակրթված զուգարանակոնքի», խորապես ուսումնասիրելով այս հարցը, գրում է, «Ես միշտ դեմ եմ եղել, երբ Միջնադարը համարել են մութ, իսկ հիմա, երբ խորացա զուգարանագիտության, (թե՞ զուգարանաբանության) մեջ, մտածում եմ` միթե՞ ճիշտ չեն այդպես մտածողները»:

Հին Աշխարհում (Հռոմ, Հունաստան, Բյուզանդիա և այլն) գործած կոյուղային համակարգերը Միջնադարում մոռացության մատնվեցին և վերականգնվեցին միայն ոչ վաղ անցյալում: Երկարատև քրիստոնեական արգելքներից հետո լողանալը նույնպես եվրոպացիք սովորեցին մեկ – երկու դար առաջ: Լոգարաններ եվրոպական մայրաքաղաքներում հայտնվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն:

Հայաստան

 

Հայաստանի քաղաքների մաքրության կազմակերպման մասին մեր պատմիչները հավաստի տեղեկություններ չեն թողել: Որոշակի տեղեկություններ մեզ տալիս են պեղումների արդյունքները: Այսպես. քանի որ խոսք գնաց միջնադարյան քաղաքների մասին, տեսնենք, թե ինչպիսին էր մեր միջնադարյան մայրաքաղաք Անին: Անիի գեղեցկությունն ու շքեղությունը շատ պատմիչներ ու ճանապարհորդներ են գովերգել, ընդ որում՝ ոչ միայն հայեր, այլև արաբներ, պարսիկներ, եվրոպացիներ: Նրանցից և ոչ մեկի մոտ հավաստիացումներ չկան, որ Անիում փողոցները կեղտոտ էին կամ գարշահոտություն էր տարածված: Հայ մեծ պատմաբան Լեոն իր «Անի» բազմահատոր աշխատության մեջ, որ նվիրված է Բագրատունյաց մայրաքաղաքի պեղումներին, նշում է, որ մութասիբի պարտականություններից էր հետևել քաղաքի մաքրությանը: Պեղումները ցույց են տալիս, որ քաղաքի փողոցների երկարությամբ փորված էին առուներ, որոնցով և ոռոգում էին այգիներն ու բանջարանոցները, և քաղաքից դուրս էին հանում աղտեղությունները: Հայկական քաղաքների համեմատաբար մաքուր լինելը պայմանավորված էր ոչ այնքան ազգաբնակչության մաքրասիրությամբ, որքան այն հանգամանքով, որ քաղաքների միջով անցնում էին լեռնային արագահոս գետեր ու առուներ, որոնք մեծապես նպաստում էին բնակավայրերի մաքրությանը: Մինչդեռ եվրոպական մայրաքաղաքների մեծ մասը գտնվում էր լայնահուն, դանդաղահոս գետերի ափին, որոնք շատ անգամ ցածր էին քաղաքից: Բացի այս ամենը միջնադարյան Եվրոպայում լավ չէր զարգացած ոռոգման կուլտուրան:

Օգտագործված գրականություն

 

Эмиль Мань.     Повседневная жизнь в эпоху Людовика XIII.                                               К.А. Иванов.     Средневековый город и его обитатели. — СПб., 1915. — С. 12.
А.Л. Ястребицкая.    Западная Европа XI — XIII веков. — М., 1978. — С. 53.                               А. И. Липков   «Шаланды полные фекалий», «Лицо нации, или Всемирная история сортира»  «Толчок к размышлению».                                                                                                    Լեո —   Անի      Երևան    1946                                                                                                                           Առաքելյան Բшբկեն — Քաղաքները և արհեստները Հայաստանում 9 — 13 դդ. Երևան.1958                 Հարությունյան Վ.— Միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետությունը   1958. Թադևոս Հակոբյան. — Պատմական Հայաստանի քաղաքները

Оставьте комментарий