Ղափամայի պատմությունը

hqdefault

Յուրաքանչյուր ժողովուրդ առանձնահատուկ է ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, այլև իր խոհանոցով: Հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին կխոսենք մի ուրիշ առիթով, այժմ բացահայտենք նրա ճաշատեսակներից մեկի՝ ղափամայի պատմությունը:

Երբ փորձեցի ներկայացնել ղափամայի պատմությունը, բավականին դժվարություններ առաջացան: Նախ հայկական աղբյուրներում (բացի խոհանոցային գրականությունից) չհանդիպեցի խափամա բառին: Մեր պատմիչները շատ աղքատիկ տեղեկություններ են թողել հայերի կենցաղի, մասնսվորապես խոհանոցի տեսականու մասին: Բառագիտության այնպիսի հսկա, ինչպիսին Հրաչյա Աճառյանն է, նույնպես իր «Արմատական բառարանում» հոդված չունի ղափամայի մասին: Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում տրված է կերակրի բաղադրատոմսը առանց որևէ բացատրության, մինչդեռ ինձ հետաքրքրում էր բառի ստուգաբանությունը, քանի որ կասկածում էի, որ այն թուրքական ծագում ունի: Վերջապես, այն ինչ փնտրում էի, գտա Ստեփան Մալխասյանի «Հայերեն բացատրական բառարանում»: Այստեղ նշված է, որ ղափաման թուրքական ծագում ունի և նշանակում է փակ ամանի մեջ եփած միս: Բառի երկրորդ նշանակությունն այն է, ինչ որ մենք գիտենք՝ մեր իմացած կերակուրն է, որի բաղադրատոմսը տրված է նույն հոդվածում: Դրանից հետո փորձեցի գտնել ղափամա անունով թուրքական կերակուր Համացանցում: Այցելեցի հայերեն և ռուսերեն կայքեր ուր նկարագրված էին թուրքական ճաշատեսակներ, երևանյան ու մոսկովյան ռեստորոնների կայք – էջեր: Ապարդյուն: Ղափամա անունով ոչ մի թուրքական ճաշատեսակ չկար: Իհարկե, թուրքերն ունեն այդ ճաշատեսակը, նույնիսկ բաղադրատոմսն է կրկնվում մերի հետ, բայց կոչվում են այլ կերպ: Փաստորեն ղափաման հայացել է: Ոչ միայն հայկական, այլև ռուսական ճաշացանկերում կա այն և նշված է капама կամ хапама անուններով: Ավելին՝ ենթադրում եմ, որ այս բառը հայերենից է անցել թուրքերենին: Բացատրեմ ինչպես: Թուրքերեն «ղափա» բառը նշանակում է փակ, այստեղից էլ «ղափաղ»,  կափարիչ բառը: Միևնույն ժամանակ նշենք, որ ղափաման կափամա ձևով նույնպես նման է կափարիչ բառին: Թուրքերը չեն ունեցել կ տառը, դրա փոխարեն օգտագործել են ղ տառը: Օրինակ՝ հայկական Կապան քաղաքը նրանց տիրապետության ժամանակ Ղափան դարձավ, Կարախաչը՝ Ղարախաչ և այլն:

Ինչպես հայկական ազգային բոլոր ճաշատեսակները, ղափաման նույնպես ունի ծիսական արարողակարգ: Այն պատրաստվում էր Ամանորի կամ Բարեկենդանի ժամանակ և կարծես, տարվա ավարտի, ընդհանրացման, ես կասեի՝ ստուգատեսային խորհուրդ ուներ հայերի համար: Դատարկ դդումն այն ընդհանուր ամբարն է, որի մեջ ամփոփվում են անցած տարվա ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ բերքն ու բարիքը, որ ստացել է հայ շինականի ընտանիքը: Գարունը՝ ծանր ու չարքաշ աշխատանքները դեռ հեռու են և հայը լիիրավ ու լիարժեք տոնում ու վայելում է իր արդար բերքը: Այն, որ ղափաման պատրաստում են «քաղցրը քաղցրի մեջ», դա էլ իր խորհուրդն ունի: Դդումի տարբեր տեսակներ կան, բայց դրանից ընտրում էին ամենաքաղցր տեսակը՝ նարնջագույնը, արևի նման մեծ ու կլոր չափերով և այս քաղցր «ամանի» մեջ քաղցրավենիք էին տեղադրում՝ մեղր, չամիչ, չիր և այլն: Բաղադրիչների բազմազանությունը ճոխ ու առատ կյանք էր խորհրդանշում: Ինձ թվում է, որ եթե նույնիսկ անունը թուրքական կամ արաբական է, ինչպես նշում է մեծն Աճառյանը, բայց այս կերակրատեսակը արմատներով գնում է խոր հնադար:

Փորձեցինք նաև իսկական թուրքական «ղափաման»: Բաղադրատոմսը վերցրինք նշված կայքից և պատրաստեցինք տղամարդկանցով մեր ամառանոցում, ոչխարի մսով ու ձավարով: Մի խոսքով որ նկարագրեմ՝ համեղ էր:

Վերջին ժամանակներս դդումի հետ կապված մի ուրիշ ծիսատոնական հանդես էլ է հայտնվել մեր երկրում, հելոուին է կոչվում: Անգլիախոս երկրների այս տոնին դդումներն այլանդակում են, նրանից պատրաստելով դիմակներ, խրտվիլակներ, լապտերներ և այլն: Մինչդեռ ղափամայի տոնին դդումը սեղանի գլխավոր զարդն է և օգտագործվում է իր իսկական նշանակությամբ՝ որպես կերակուր: Որպես ծիսական կերակուր ղափաման ուղեկցվել է երգով, պարով, կատակներով ու զվարճանքով: Մեր կրթահամալիրում Ղափամայի տոնը դարձել է ավանդույթ ը նշվում է ամեն տարի:

Оставьте комментарий