Ժամացույցների պատմությունից

                      Սրանից 2500 տարի առաջ հին բաբելոնացիները հնարեցին ժամանակ ցույց տվող մի հատուկ սարքավորում: Դա արևի ժամացույցն էր: Հավասար մասերի բաժանված շրջանաձև թվատախտակի վրա ընկնող ստվերի օգնությամբ որոշվում էր ժամանակը:

solnechno        images    Читать далее

Հարեմ

3uZ2ODsujDo

Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր,
Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար,
Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր,
Իրանի ոչ մի հարեմում չկար:
Գեղամ Սարյան «Գյուլնարա»

Ի՞նչ է նշանակում «Հարեմ»: Բոլոր հին հասարակություններում հարեմները պատկանել են մեծ կարողություն ունեցող տղամարդկանց: «Հարեմն» առաջացել է արաբերեն «հարիմ» կամ «հարամ» բառից, որը նշանակում է «այն, ինչ արգելված է օրենքով»: «Հարամը» «հալալի» հականիշն է, որ նշանակում է « այն, ինչ կարելի է օրենքով»: Այդ բառերը մեր ժողովրդի վրա արաբների տիրապետությունից հետո գործածվում է նաև հայերենում: Արաբ հեղինակները և նրանց հետ էլ Արևելքի նրանց մյուս գործընկերները սկսեցին օգտագործել այդ տերմինը, նրանով նշելով տան այն մասը, որը հատկացված էր կանանց բնակության համար: Արաբերենում «հարիմ» բառի երկրորդ իմաստը նշանակում է նաև սրբազան վայր: Սակայն հետագայում, ինչպես նաև մեր օրերում «հարեմ» բառը հասկացվում և օգտագործվում է որպես մուսուլմանի կանանոց: Հանուն արդարության նշենք, որ հարեմ ունեցել են ոչ միայն մուսուլմանները: Հին Աշխարհի համարյա բոլոր տիրակալները ունեցել են հարեմներ: Պատմիչները բազմիցս նշում են նաև Տիգրան Մեծի կանանոցի մասին: Հարեմների գայթակղությունից չեն խորշել նաև որոշ քրիստոնյա տիրակալներ, հատկապես բյուզանդական կայսրեր: Սակայն մենք որպես ուսումնասիրության նյութ կանդրադառնանք միայն թուրքական հարեմներին:
Եվրոպացիների հետաքրքրությունը հարեմների նկատմամբ: XVI մինչև XX դարը Թուրքիայի և եվրոպական երկրների միջև սերտ հարաբերություններ էին հաստատվել, որի արդյունքում եվրոպացիները ավելի մանրամասն էին ծանոթացել թուրքական սոցիալական կառույցներին, մասնավորապես սուլթանական կանանոցին: Ընդ որում, Եվրոպայում ավելի մոտիկից գիտեին թուրքական, քան որևիցե այլ մուսուլմանական երկրի հարեմի մասին:

XVII դարի Վենետիկի թուրքական դեսպանը նկարագրում է սուլթանի պալատը: Այն բաղկացած էր բազմաթիվ գեղեցիկ կառույցներից, որոնք իրար հետ կապված էին հոյակերտ պատշգամբներով ու անցուղիներով: Գլխավորը նրանցից համարվում էր գեղատեսիլ, փորագիր սյուներով սրահը, որտեղ գտնվում էր գահասենյակը: Պալատի սպասարկող ողջ անձնակազմը բաղկացած էր տղամարդկանցից: Պալատի հարկաբաժիններից մեկը հատկացված էր հարեմին: Այն իրենից ներկայացնում էր սեղանատների, ննջարանների, բաղնիքների և բազմաթիվ այլ շինությունների մի ամբողջություն, հարմարեցված կանանց գործունեության ու հանգստի համար: Հարեմը շրջապատված էր ծաղկանոցներով ու այգիներով: Շոգ եղանակին հարեմի բնակիչները վայելում էին այգու և բազմաթիվ շատրվանների մեղմ զովությունը:

Հարեմի ներքին կյանքը: Հարեմում ապրում էին երեք հազար կանայք: Նրանց թվում էին երիտասարդ հարճերը, դաստիարակ կանայք, որ հսկում էին նրանց և անազատ կանայք: Բոլոր հարճերը արտասահմանցիներ էին: Նրանց մի մասը այստեղ էր հայտնվել որպես ենիչերների կամ այլ զինվորների ավար, մի մասին գնել էին գերիների կամ ստրուկների շուկայում, մի մասն էլ այստեղ էր հայտնվել սեփական նախաձեռնությամբ` փախչելով աղքատությունից կամ դժբախտությունից: Նրանց բոլորին սովորեցնում էին նվագել երաժշտական գործիքներ, երգել, պարել, պատրաստել համեղ կերակուրներ: Նշանավոր գործիչները և զորապետերը, ցանկանալով գրավել սուլթանի ուշադրությունը, նվիրում էին դեռատի կույսերի, որոնք նույնպես դառնում էին հարեմի անդամ: Կույսերին նրանք կամ գնում էին հատուկ այդ նպատակի համար կամ էլ ընտրում էին իրենց հպատակներից: Ոչ մուսուլման բոլոր կանանց ստիպում էին ընդունել իսլամ: Դրա համար կինը պետք է մատը պարզեր դեպի երկինք և արտասաներ. «Չկա այլ Աստված, բացի Ալլահից, և Մուհամեդը նրա մարգարեն է»: Պատմությունը տեղեկանք չունի, թե քանի կին է հրաժարվել իսլամ ընդունելուց: Դրանից հետո կնոջը քննում էին, ժամանակակից լեզվով ասած` թեստավորում: Ստուգում էին նրա ֆիզիկական և մտավոր ունակությունները: Դրանով զբաղվում էին ավագ դաստիարակները: Այնուհետև նրանց տեղավորում էին տարբեր սենյակներում` համաձայն տարիքի և ունակությունների, ինչպես հիմա անում են շատ ուսումնական հաստատություններում:

Ամեն ննջասրահ նախատեսված էր հարյուր կնոջ համար: Մահճակալները դրվում էին պատերի տակ, այն հաշվով, որ կենտրոնը ազատ լինի, ինչպես զորանոցներում, որպեսզի դաստիարակները կամ հսկիչները հնարավորություն ունենան մոտենալու ամեն մեկին: Ամեն տասը կնոջով զբաղվում էր մի դաստիարակ:

Լողարանները, զուգարանները, պահեստներն ու խոհանոցը ննջասրահի կողքին էին:

Ցերեկները կանայք զբաղվում էին թուրքերեն սովորելով, ձեռագործությամբ ու երաժշտությամբ: Նրանց հնարավորություն էր տրվում զբաղվել նաև ժամանցով, ինչպես հարեմում, այնպես էլ հարեմից դուրս գտնվող այգիներում, ուր նրանք զբաղվում էին աղմկոտ ու շարժուն խաղերով: Հարեմի պատերի մեջ կուտակված նրանց էներգիան դուրս էր հորդում, և այս մանկամարդ ու գեղեցիկ կանայք նմանվում էին չարաճճի ու աղմկոտ երեխաների: Մեծ հաշվով հարեմները նման էին XIX — XX դարերում Եվրոպայում գործող փակ իգական գիմնազիաներին`  մի կարևոր տարբերությամբ միայն. եթե այդ հաստատություններում պատրաստում էին ապագա կանանց ու մայրերի եվրոպական իշխող դասի համար, ապա հարեմների բնակիչներին կրթում ու դաստիարակում էին այլ նպատակով: Վերջիններիս խնդիրն էր երբեմն- երբեմն տրվել տիրակալին և բացառիկ վայելքներ պարգևել նրան:

Հարճի ընտրությունը: Վենետիկցի դեսպանը գրում է, որ սուլթանը երբեք չէր գնում հարեմ և չէր հանդիպում իր կանանց, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կանանց ներկայացնում էին պաշտոնական միջոցառումների ժամանակ: Եթե ինչ-որ նպատակի համար կին էր պետք լինում սուլթանին, ասենք` թուրքական սրինգ լսելու կամ պար դիտելու համար, այդ մասին նա տեղեկացնում էր հերթապահ դաստիարակին: Վերջինս մի շարքով կանգնեցնում էր հարեմի կանանց, և ինչպես սպան է ստուգում զինվորների հագ ու կապը շարքում, այնպես էլ սուլթանն էր ստուգում կանանց: Եթե սուլթանը մի քիչ շատ ավելի էր նայում կանանցից մեկին, նշանակում էր, որ այդ գիշեր նա էր կիսելու անկողինը սուլթանի հետ: Երբեմն սուլթանը ավելի էր հստակեցնում իր ընտրությունը` թաշկինակը նետելով իրեն դուր եկած կնոջ կողմը:

Այն կինը, որին ժպտում էր բախտը, իսկ սուլթանի ուշադրությունը շահելը, անշուշտ մեծ երջանկություն էր համարվում, օգտվում էր բազմաթիվ արտոնություններից ու առավելություններից: Սուլթանի հետ նույնիսկ մի գիշեր անցկացնելու համար նրան նախապատրաստում էին մեծ հանդիսությամբ ու մանրակրկտորեն: Ընտրյալ կնոջը լողացնում էին, մարմինը շփում հոտավետ յուղերով, հեռացնում ավելորդ մազերը, զուգում ու զարդարում: Մի գիշերվա համար նախատեսված այս ամբողջ արարողակարգն ավելի աշխատատար ու ժամանակատար էր, քան եվրոպական հարսնացուի նախապատրաստությունը ամուսնությանը:
Վերջապես հարճը պատրաստ է, և չորս տարեց սևամորթ ստրկուհիներ ուղեկցում են նրան սուլթանի ննջարան, որը հենց հարեմի հարկաբաժնում է: Ստրկուհիներից երկուսը ամբողջ գիշեր մնում են ննջարանում և երկու-երեք ժամը մեկ նրանց փոխարինում են նոր հերթապահներ: Նեգրուհիների գլխավոր պարտականությունն է հետևել երկու ջահերին, որոնցից մեկը`  դռան, մյուսը մահճակալի մոտ է:

Սուլթանի առատաձեռնությունը: Առավոտյան սուլթանն առաջինն է վեր կենում և հագնում նոր հագուստ, իսկ հինը, որով նա եկել էր գիշերը, մնում էր հարճին: Այդ հագուստի գրպաններում երբեմն մի ողջ կարողություն էր լինում, որը նույնպես հարճին էր պատկանում: Եթե հետագայում պարզվում էր, որ հարճը հղիացել է, ապա նա ստանում էր «տարվա սուլթանուհի» տիտղոսը: Իսկ, երբ նա տղա էր ունենում, այդ տիտղոսը հաստատվում էր պաշտոնական ճոխ արարողությամբ, և երջանիկ մայրը ժամանակավոր դառնում է ողջ հարեմի կառավարիչը: Նրա ենթակայության տակ են անցնում հարեմի բոլոր բնակիչները և նույնիսկ դաստիարակները: Եվ սա դեռ վերջը չէր: Կարող էին լինել նաև այլ նվերներ, կոչումներ ու խրախուսանքներ: Բացառիկ դեպքերում սուլթանը նույնիսկ կարող էր ամուսնանալ իր ժառանգորդի մոր հետ` տալով նրան օժիտ, ինչպես դա պահանջվում էր Մարգարեի օրենքով: Սակայն այդ օժիտը պիտի համապատասխաներ օժիտ տվողի դիրքին և սուլթանի ու սուլթանուհու բարեգործական հնարավորություններին և իր ճոխությամբ ու առատությամբ զարմացներ աշխարհին: Այնքան մեծ էին այդ ծախսերը, որ ոչ բոլոր սուլթաններն էին գնում դրան, չնայած պալատականները դրդում էին սուլթանին անել դա` ակնկալելով նվերներ ու պարգևներ: Եթե նույնիսկ գործը հարսանիքի չէր հասնում, «տարվա սուլթանուհին» իրավունք էր ստանում ունենալու երեսուն եվնուխներից (ներքինի) և նույնքան ստրկուհիներից բաղկացած շքախումբ: Երբ նա դուրս էր գալիս պալատից, փողոցները մաքրում էին անցորդներից ու թամաշա անողներից, իսկ եթե ցանկանում էր զբոսնել շքախմբով Բոսֆորի վրա, ապա թիավարները դուրս էին գալիս նավակներից և շրջում դեմքերը, որպեսզի չտեսնեն, թե ինչպես է սուլթանուհին նստում նավակ: Նավասենյակի պատուհանները ծածկում էին թանձր վարագույրներով, որպեսզի ոչ մի տղամարդու հայացք չթափանցեր ներս:

Հարեմի մյուս բնակիչները: Բացի հարճերից, անազատներից ու դաստիարակներից հարեմում ապրում էին նաև սուլթանի հորաքույրները, մորաքույրները, քույրերն ու աղջիկները: Եթե սուլթանը որոշեր ամուսնացնել նրանցից մեկին, ապա սովորույթի համաձայն պիտի մեծ օժիտ տար: Հարեմի մյուս բնակիչները նույնպես, նույնիսկ ներքինիներն ու անազատները, պարտավոր էին իրենց ավանդը ներդնել օժիտի պատրաստման գործում: Եթե սուլթանի ազգականուհու ապագա ամուսինը ի վիճակի չէր ապահովել իր բարձրաշխարհիկ կնոջը սպասարկող անձնակազմով կամ էլ չուներ կնոջ դիրքին համապատասխան պալատ, ապա ստանում էր այն պետական գանձարանի հաշվին: Մնացած ծախսերը փեսացուն ինքը պիտի հոգար: Նա միջոցներ պիտի հայթայթի ոչ միայն կնոջ համար բարձր գլխագին վճարելու, այլև նրա բոլոր քմահաճույքները կատարելու համար, քանի որ ինչքան էլ բարձր պաշտոն զբաղեցնի, միևնույնն է, զիջում է կնոջը սոցիալական դիրքով: Որպես կանոն նման տիկիններն ամեն ինչ անում էին, որպեսզի ամուսինները չմոռանան, թե ինչ պատվի են արժանացրել իրենց, ամուսնանալով նրանց հետ:

Աստիճանակարգը հարեմում: Հարճերից շատերը հարեմում ապրելու ողջ ընթացքում չէին արժանանում սուլթանի անկողինը կիսելու պատվին: Նրանց ավելի հաջողակ ընկերուհիները դրա համար ծաղրում ու չարախնդում էին նրանց վրա: Սակայն վերջիվերջո նրանց ստորացումներն ու տառապանքները գնահատվում էին ըստ արժանավույն: Որոշ ժամանակ անց այն կանայք, որոնց վրա սուլթանը ոչ մի անգամ ուշադրություն չէր դարձրել, դառնում էին դաստիարակ, որպես պարգև երկարատև ծառայության համար: Այս անգամ արդեն նոր դաստիարակները հնարավորություն էին ստանում վրեժխնդիր լինել ստացած արհամարանքների ու ծաղրանքների համար: Շատ հաճախ այսպիսի կանայք ավելի խորամանկ ու հաջողակ էին լինում և վեր էին բարձրանում իշխանական աստիճանով: Ինչ վերաբերում է կանանց, որոնք սուլթանի համար երեխա էին ծնել, սովորաբար սուլթանը էլ չէր քնում նրանց հետ: Նրանց ուղարկում էին կայսերական այլ հարեմներ, որտեղից հեռանալն ավելի հեշտ էր, և սուլթանի համաձայնությունն ունենալով` նրանցից շատերը ամուսնանում էին:

Սակայն եթե սուլթանի սիրելի կանայք գալիս ու գնում էին, ապա կար մի կին, որ մինչև իր կյանքի վերջը չէր հեռանում հարեմից: Դա վալիդե սուլթանն էր` սուլթանի մայրը, որի ձեռքում էր ողջ հարեմի ղեկավարումը: Ավագ դաստիարակը նրա օգնականն էր: Այնուհետև երկար ցուցակ կար կազմված ըստ պաշտոնների` սկսած ամենակարևոր տիկին գանձապահից, մինչև ամենամանր պաշտոնյան, ինչպիսին էր շերբեթների (հյութերի) տիրուհին կամ սուրճի գլխավոր մատուցողուհին: Այս աստիճանակարգի մեջ մտնող ամեն մի կին` լիներ դա հագուստի պահպանման տիրուհին, բաղնիքի պատասխանատուն, թանկարժեք իրերի պահապանը, Ղուրանի ընթերցուհին, ավագ պահեստապետը, թե ուրիշ պաշտոնյա, իր ենթակայության տակ ունեին սանուհիների խմբեր, որոնցից էլ փոխարինող էին գտնում իրենց համար: Այս խմբերում մշտապես պայքար ու խարդավանքներ էին տեղի ունենում վալիդե սուլթանի, ավագ դաստիարակի կամ ներքինապետի բարեհաճությանն արժանանալու համար:

Միջին կարողության թուրք պաշտոնյաների հարեմները: Սովորական թուրք պաշտոնյայի կամ առևտրականի հարեմը մեծապես տարբերվում էր սուլթանականից: Սովորաբար այն գտնվում էր շենքի վերին հարկում և ուներ երկու հարկաբաժին` սելամլիկ (տղամարդկանց համար) և հարեմլիկ (կանանց համար): Երկու հարկաբաժինները բաժանող դուռը միշտ փակ էր, իսկ բանալին գտնվում էր տիրոջ մոտ: Փակ դռան կողքին գտնվում էր մի փոքրիկ դռնակ, որտեղից կանայք իրենց պատրաստած կերակուրները փոխանցում էին տղամարդկանց, քանի որ կանանց ու տղամարդկանց համատեղ ճաշկերույթն արգելված էր: Այստեղ նույնպես կար սեփական փակ բակ ու այգի: Հանուն արդարության պիտի նշել, որ թուրքական հարեմները խիստ տարբերվում էին արաբական, պարսկական ու հնդկական հարեմներից: Վերջիններում կիրառվող ստորացումներն ու պատիժները հազվադեպ էին թուրքական հարեմներում կիրառվում:
Միջին կարողության տեր թուրքի հարեմի կահավորանքը շատ հասարակ էր: Այն բաղկացած էր մի քանի կոշտ բազմոցներից և գորգերից ու կարպետներից: Հարեմլիկի կենտրոնում հյուրասրահն էր, որտեղ նստում էր հարեմի տիրուհին` տվյալ դեպքում թուրքի ավագ կինը և ընդունում հյուրերին: Այդպիսի պահերին նա մի ձեռքում պահում էր թանկարժեք իրերի տուփը, մյուսում` հայելին: Նրա մոտ դրված էր նաև մի փոքրիկ սեղան` ծանրաբեռնված մրգերով ու հյութերով, ինչպես նաև վարդաջրի սրվակներով ու զանազան արդուզարդի պարագաներով:

Եվրոպական պատկերացումները թուրքական հարեմի մասին: Թուրքական հարեմը նկարագրող որոշ եվրոպացի հեղինակներ գրում են, որ հարեմի կանայք ամբողջ օրն անց են կացնում քաղցրավենիքներ ուտելով և իրենց թանկարժեք զարդերով հիանալով: Սակայն դա այդպես չէր: Հարեմի կանայք խրված էին հոգսերի ու ծանր աշխատանքների մեջ: Նրանք ողջ օրը զբաղված էին մաքրելով, խնամելով, կարկատելով, կերակուր պատրաստելով: Որքան ցածր էր տղամարդու պաշտոնը, այնքան շատ էր նրա կանանց աշխատանքը հարեմում:

Մինչև XX դարի սկիզբը եվրոպացիների պատկերացումները հարեմի մասին կապված էին «հեշտասեր ծեր անառակի» հետ, որը զվարճանում էր կիսամերկ գեղեցկուհիների հետ: Թուրքիայի համար սա ավելի հազվադեպ երևույթ էր, քան, ասենք, Վերածննդի շրջանի Իտալիայի կամ ճորտատիրական Ռուսաստանի համար: Թուրքերը ավելի լուրջ են վերաբերվում կյանքին, քան, ասենք, եգիպտացիք կամ արաբները: Չնայած այն հանգամանքին, որ թուրքական հարեմները հաճախ են դարձել եվրոպական գեղարվեստական գրականության, կերպարվեստի ու բալետի թեմա, փաստերն այլ բան են ասում: Թուրքերը լրջորեն հետաքրքրվեցին հարեմով միայն Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո, երբ տեսան, թե ինչ հանրաճանաչություն ունեն հարեմները քրիստոնյա բյուզանդացիների մոտ:

Ինչպես տեսանք, թուրքական հարեմը նման չէր հաստատության, ուր կանայք ողջ օրը թախծում են, սպասելով, թե երբ պիտի կանչեն զվարճացնելու տիրոջը: Այն ավելի շատ նման էր մի փոքրիկ ուրույն աշխարհի, որը կառավարում էր խիստ ուշադիր, սառն ու հաշվենկատ մի տարեց կին, այլ ոչ թե տանտերը: Դա կամ տիրոջ ավագ կինն էր, կամ` մայրը: Հարեմում ամեն մեկն ուներ պարտականությունների իր շարքը` պայմանավորված խիստ կանոններով ու սովորություններով: Կարգ ու կանոններըը հարեմում ավելի շատ նման էին եվրոպական մենաստանների կամ կանանց փակ պանսիոնների դրվածքին:
Թուրքական հարեմի մասին այս տեղեկությունները հանրությանը հայտնի դարձան Աբդուլ Համիդ II (1876 — 1909) գահընկեցությունից հետո: Սուլթանի պալատում նոր իշխանությունները հայտնաբերեցին 370 կանանց և 127 ներքինիների: Սիրեցյալներից մի քանիսին Աբդուլ Համիդը իր հետ տարավ Սալոնիկի (Հունաստան), ուր նա աքսորվել էր: Արյունոտ Սուլթանի գահընկեցությունից հետո կայսերական հարեմը դադարեց գոյություն ունենալուց:
Հարեմն սպասարկող նորքինիները (եվնուխները): Թուրքական սուլթանը հարեմ ունեցավ սկսած 1541 թ., բյուզանդական կայսեր օրինակով: Նա ձեռք բերեց այնքան հարճ ու ներքինի (եվնուխ), որքան ուներ բյուզանդական վերջին կայսրը: Քանի որ Ղուրանը արգելում էր տղամարդու ամորձատումը (կրտելը) ներքինի դառնում էին օտարերկրացիները: Ամորձատելուց հետո նրանց բռնությամբ դարձնում էին մուսուլման: Սա տեսականորեն: Գործնականում ամորձատվողները շատ դեպքերում չէին էլ փորձում խուսափել դրանից, քանի որ ներքինիի «արհեստը» շատ ձեռնտու ու եկամտաբեր գործ էր և որոշակի պայմաններում այն ուղի էր հարթում դեպի իշխանական բարձր օղակներ: Չնայած Ղուրանի արգելքին, շատ մուսուլմաններ նույնպես ձգտում էին իրենց երեխաներին մտցնել ներքինիների համակարգ: Ներքինի մատակարարող գլխավոր շրջաններն էին Եգիպտոսը, Եթովպիան և Կենտրոնական Աֆրիկան: Առավելությունը տրվում էր նեգրերին, քանի որ նրանց հզոր կազմվածքն ու ամուր առողջությունը հնարավորություն էր տալիս դիմանալու վիրահատությանը և ապրելու մինչև խոր ծերություն: Մինչդեռ սպիտակամորթ պատանիները` առավելապես չերքեսները փխրուն առողջություն ունեին, շուտ էին հիվանդանում և մահանում, դրա համար էլ նրանց մասսամբ էին ամորձատում, որի արդյունքում էլ նրանք գաղտնի կենակցում էին հարճերի հետ: Միակ պաշտոնյան, որ օրվա ցանկացած ժամի ազատ ելումուտի իրավունք ուներ սուլթանի մոտ, հարեմի սև ներքինիների պետն էր: Նա կարող էր ունենալ մինչև 300 ձի և անսահմանափակ քանակությամբ հարճեր: Նրանից վախենում էին բոլոր պալատականները, ինչը բնականաբար ազդում էր նրա վերցրած կաշառքի չափի վրա:
XVI դարում, երբ Օսմանյան կայսրությունը իր հզորության գագաթնակետին էր, սուլթանի հարեմում կար 800 ներքինի և 1000 – ից ավելի հարճեր:

Սուլթանը և հարեմի կանայք: Որպես կանոն սուլթանը իր սիրեցյալներին ընտրում էր այն աղջիկներից, որոնց նվիրում էին մայրը, նշանավոր պաշտոնյաները կամ էլ որևիցե արևելյան տիրակալ: Սակայն սուլթանի ուշադրությունը շահելու շանս գործնականում ունեին բոլոր կանայք, նույնիսկ սպասարկող անձնակազմից: Երբ սուլթանը այցելում էր իր մորը կամ իր չամուսնացած աղջիկներից մեկին և այնտեղ տեսնելով որևե սպասուհու հաճոյախոսություն էր անում նրան, ապա տիրուհին վերջինիս հրամայում էր մոտենալ սուլթանին և համբուրել բազմոցի ծայրը, որի վրա նստած էր ինքնակալը: Հետո նրան ազատում էին աշխատանքից, տալիս էին մի կոչում, որը թուրքերենից թարգմանած նշանակում է «նա, որի վրա նայել են»: Այս կոչումը որոշակի արտոնություններ էր տալիս, իսկ երբ երեխա էր ծնվում, նա դառնում էր գլխավոր սիրեցյալ, որը լրացուցիչ առավելություններ ու եկամուտ էր բերում, այդ թվում` դրամական ամենամսյա վճարումներ, սեփական պալատ և ներքինիների ու ստրկուհիների շքախումբ:

Երբ սուլթանը ձանձրանում էր որևէ կնոջից, նրան օժիտ էին տալիս, նշանակում էին որոշակի թոշակ և ամուսին գտնում պետական ծառայողներից: Սակայն, եթե այդ կինը ավելի երկար էր ապրում, քան սուլթանը, ապա նա այլևս չի ամուսնանում և այրի էր մնում մինչև կյանքի վերջը:
Երբ սուլթանը մահանում է, նրա հարեմը տեղափոխվում է այլ, ավելի հին շենք, տեղը զիջելով նոր սուլթանի հարեմին: Թուրքական հին օրենսդրության համաձայն սուլթանի ընտանիքի ազդեցությունը երկրի քաղաքականության վրա պետք է հասցվեր մինիմումի: Դրա համար էլ սուլթանը տեսականորեն չպիտի ամուսնանար և դա էր պատճառը, որ նրա բոլոր կանայք համարվում էին հարճեր` անազատներ, սուլթանուհու կոչումը, ինչքան էլ այն շքեղ լիներ, ոչ մի իրավական նշանակություն չուներ: Սակայն այս կանոնը չէր աշխատում թուլակամ միապետների դեպքում, որոնց կանայք ամբողջությամբ ենթարկում էին իրենց:

Մեղսական սերն ու պատիժը հարեմում: Մեղք գործած կանանց ենթարկում էին ֆիզիկական պատիժների: Սովորաբար նրանց ծեծում էին ճիպոտներով, այլ ոչ թե խփում էին փայտերով ոտքերի տակ, ինչպես ընդունված էր Թուրքիայում, քանի որ դա կարող էր հաշմել պատժվողին: Պատիժն իրականացնում էր ներքինին դաստիարակի ցուցումով: Ոչ շատ խիստ կարգուկանոն ունեցող հարեմներում ներքինիները գործածում էին նաև սեքսուալ բնույթի պատիժներ:
Հետաքրքիր է, որ թուրք տղամարդիկ չէին կասկածում, որ ներքինիները կարող են սեքսուալ կապի մեջ լինել հարեմի կանանց հետ: Մի պատմություն կա կապված սուլթան Սուլեյմանի (1494 — 1566) հետ, որի ճշմարտացիությունը հաստատում են որոշ պատմաբաններ: Պատերազմի դաշտում նա տեսնում է, թե ինչպես է իր կրտած ձին թռչում հովատակի վրա, և լրջորեն մտահոգվում է իր հարեմով, որը գտնվում էր ներքինիների պահպանության տակ: Իզուր չէր նրա մտահոգությունը, քանի որ գաղտնի ստուգումները ցույց տվին, որ ներքինիները կենակցում են հարեմի կանանց հետ: Երբ գլխատված էր ներքինիների ողջ անձնակազմը, նրան խորհուրդ տվին ներքինի դարձնել պատանիներին մինչև սեռական հասունացումը, և դա ճիշտ էր, նման ներքինիներ չէին կարող սեռական կյանք ունենալ:
Հարեմներում տարածված էր նաև լեսբիական սերը: Տաքարյուն ու կրքոտ արևելյան կանայք այդպես էին հատուցում իրենց տիրակալներին էպիզոտիկ հանդիպումների համար:
Եվրոպացիների խորին համոզմամբ հարեմի կանայք թշվառ գերիներ էին, փակված ոսկյա ճաղերի ետևում և երազում էին դուրս պրծնել այնտեղից: Եվրոպացիների պատկերացմամբ գուցե այդպես էր, մինչդեռ փաստերն այլ բան են ասում: Արևելքի մուսուլման կանանց ճնշող մեծամասնությունը երազում էր տեղ ունենալ սուլթանի հարեմում, ուր նրանց կյանքն ավելի ազատ ու շքեղ էր, քան իրենց չարքաշ ընտանիքներում:

Օգտագործված գրականություն

Еремеев Д. Е., Мейер М. С., История Турции в средние века и новое время.
Казиев Шапи, Повседневная жизнь восточного гарема.
Норман Пензер, Гарем. История, традиции, тайны
Клуг Дж., История гарема в культурах народов мира.
Րաֆֆի, Հարեմ
Երվանդ Օտյան, Աբդուլ Համիդը և Շերլոկ Հոլմսը

Читать далее